Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԲՈՄԺԱՑՈՂ ՀՈՒՄՈՐ, ԹԼՊԱՏՎԱԾ ԵՐԳԻԾԱՆՔ

ԲՈՄԺԱՑՈՂ ՀՈՒՄՈՐ, ԹԼՊԱՏՎԱԾ ԵՐԳԻԾԱՆՔ
26.01.2010 | 00:00

Հայկական մամուլից երգիծանքն ու հումորը գրեթե անհետացել են։ Շուկայում քիչ թե շատ պահանջարկ են վայելում անեկդոտները` թեմատիկ բազմազանությամբ։ Ասենք` Ապարանի և Քյավառի հայտնի-անհայտ պատմությունները կամ զոքանչային թեման։
Հրապարակագրության փայլուն սրերից մեկը` ֆելիետոնը, վաղուց է հայտավորվել անհայտ կորած գրական-լրագրային ժանրերի թվում, և սրերն էլ վաղուց են ժանգից ու անգործությունից բթացել։
Այնինչ, թվում է, ավելի նպաստավոր ժամանակ երգիծանքի և հումորի անզուսպ խրախճանքի համար նույնիսկ չէր կարող լինել։ Իրականություն, ուր ազատ-անկաշկանդ է ամեն բան, ազատական է տնտեսությունը, անբռնազբոս-մոլեգին են վարքն ու բարքը, հոխորտուն-գրոհային է ազատ խոսքը։ Սակայն ավելի կապանքված վիճակ, քան նորհայկական երգիծանքի և հումորի վիճակն է, պատկերացնելն անգամ դժվար է։ Հայաստանի գրողների միության «Սատիրիկոն» ամսաթերթը (խմբագիր` Գուրգեն Խանջյան) լուրջ հայտ էր երգիծանքի բացը լրացնելու, հանրապետության «լուրջ» հումորն ու երգիծանքը ի մի բերելու տեսանկյունից, սակայն ֆինանսական խնդիրները կասեցրին այս ուշագրավ հանդեսի ընթացքը։
Տողերիս հեղինակը գործընկերոջ` հրատարակիչ և խմբագիր Արտակ Ավագյանի հետ երկու նախաձեռնությամբ է հրապարակ իջել։ Նախ` «Կիզակետ» շաբաթաթերթը լույս ընծայվեց որպես անեկդոտների ժողովածու, այնուհետև` որպես երգիծական գունազարդ ամսաթերթ։ Եվ ի՞նչ... Ժողովածուն ամբողջապես սպառվեց, ամսաթերթն անուշադրության մատնվեց։
1995-1996-ին քաղաքական երգիծանքի փայլուն մի նմուշ հայտավորվեց անկախական մեր իրականությունում։ «Խաթաբալլադան»։ Տարիներ անց այն շարունակվեց ոչ պակաս հայտնի «Մեա կուլպա»-ով։ Իր քաղաքական անզուգական մուլտ-երգիծաշարը հանրության դատին ներկայացրեց լուսահիշատակ Ռոբերտ Սահակյանցը։ Առանձին գրոհային, սակայն ուշագրավ հրապարակումներով դեպքից դեպք հանրային «անդորրն է խախտում» Վահրամ Սահակյանը։
Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր ապրիլի 1-ին Հայաստանի ծաղրանկարիչների ասոցիացիան հանդես է գալիս հաշվետու ցուցահանդեսով, իսկ 2006-ին հայ ծաղրանկարիչների և Օլեգ ու Էլլադա Գոլովյանների ջանքերով լույս ընծայվեց «Երգիծ» ամսագիրը` գունազարդ և բարձր հումորի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։ Սակայն շուկան այս դեպքում էլ բավականին սառն արձագանքեց, և ամսագիրը դադարեց հրատարակվելուց։
Ի հեճուկս լրագրային երգիծանքի ամլության` ասպարեզում իշխում է հեռուստահումորը։ Սա արդեն գերազանցում է զավեշտի բոլոր սահմանները։ Նախ` տարաբնույթ «քլաբները» յուրատեսակ «կրկնահանցագործ են». ռուսական ուլտրաազատական հեռուստաէկրանը «քլաբային մշակույթը» յուրացրել է արևմտյանից, մենք` ռուսականից։ Այսինքն` Հայկոն ու Մկոն, Հովոն և մյուսները («32 ատամ», «Կարգին հաղորդում», «Yere1», «Երեք պատ»...) զբաղված են բացահայտ գրագողությամբ և լուրջ գումարներ են վաստակում, եթե, իհարկե, վաստակ ասվածն այստեղ տեղին է։
Գլուխը քարը, թող երբեմն նմանակեն, ընթանան տրորված ճանապարհով, բայց մարդավայել, չափն ու սահմանը չշրջանցելով։ Սակայն, արի ու տես, հետևողականորեն շրջանցում են, ջնջում բոլոր սահմանները։ Ակնհայտորեն «32 ատամ»-ի հերոսներից մեկը հանդես է գալիս... «Չարենց» բեմական անունով։ Հավանաբար, կարճ հասակն է նրան հուշել նման կեղծանուն ընտրել։ Արդեն անդրադարձել ենք, որ Հովոն, Հայկոն ու Մկոն, որպես թարմություն ու անակնկալ, լսարանին մերթ ընդ մերթ հրամցնում են ազգային երևելիների ծաղրապատումները։ ՈՒ սա դիտվում-դիտարկվում է որպես հումոր, անկախ ու ինքնիշխան երկրի ազատ ու անկաշկանդ բարքերի արտացոլանք...
Հումորային ցնցակաթվածի է ենթարկում հանրությանը նաև Հանրային հեռուստատեսությունը։ Չէ, այս եթերում ազգային արժեհամակարգը բիրտ ու անսքող չի խառնակվում հումորային ազատականության շղարշի հետ։ Այստեղ անհամեմատ «ավանդապաշտ» են, այս եթերում չափազանց յուրօրինակ ըմբռնում կա ժամանակակից հասարակության ճաշակի, գեղագիտական ըմբռնումների, աշխարհայացքի և մտածելակերպի մասին, համաձայն որի` հայ հասարակությունը (թող ներվի այս որակումը) լյումպեն-պրոլետարիատի խառնամբոխ է, նրա քիմքին հարիր կարող է լինել միայն այն հումորաշփոթը, որ մատուցում է Աշոտ Ղազարյանը։ Ինչ-որ նավթալինաբույր, համն ու հոտը վաղուց կորցրած պատմություններ, ժամկետանց անեկդոտներ, կենցաղի հետնախորշերում քուջուջ անող «հերոսներ»... Ի՞նչ կարող ես անել, Աշոտ Ղազարյանը Հ1-ի հաշվետու կերպարն է, Հանրային հեռուստատեսությունը` «սովորական եվրոպական հեռուստաալիքի վերաձևելու» Ալեքսան Հարությունյանի գլխավոր խաղաքարտերից մեկը։
Սակայն նման վաշխառուական, խստորեն վերահսկելի և հանրային գիտակցությունը բառացիորեն թլպատող հումորային ռմբահարումները, հայոց քաղաքական վերնախավի աչառու մեծամասնության ճաշակն ու քիմքը բավարարելուց զատ, միաժամանակ ապահովագրում են իշխանություններին թիրախի վերածվելուց։ Սի՜ն հույսեր։ Սեփական թերությունները տեսնելու արիությունն ուժեղ վերնախավի մենաշնորհն էր։ Մի՞թե ներկա քաղաքական և կառավարական վերնախավն իսպառ մոռացության է մատնել այն ժամանակները, երբ իշխաններն ու արքաները պալատում արտոնյալ մեկն ունեին` ծաղրածուն, ով առաջինն ու ճշգրիտն էր իշխանավորի երեսին ճշմարտությունը «ծեփում»։ ՈՒ այն էլ ի՜նչ բառաշարով, սրամիտ ու իմաստալից, բազմաշերտ ակնարկներով համեմված։ Եվ արքան ու իշխանը շահում էին։
Այսօր դրվածքն այլ է։ Այլ են առաջադրված խնդիրները, համաձայն որոնց` երգիծանքի բոմժացումը չափազանց ձեռնտու է կուտակված բազում-բազմաբնույթ խնդիրներն ու հարցերը սքողելու տեսանկյունից։ Եվ անզուսպ հրճվանքով ծափահարում են նորհայկական հումորասպանդի մասնակիցներին, Հայկոյին ու Մկոյին, Սերոժին ու Հովոյին, Աշոտին ու մյուսներին։ Այնինչ հասարակական բազում-բազմաբնույթ թարախապալարներ վաղուց են «հասունացել», ու դրանց «ականազերծումը» առողջարար արյուն կմատակարարեր ջերմախտով տառապող մեր հասարակական կեցությանը, կոծկումը` ճիշտ հակառակը։
Հայոց իշխանական վերնախավը մի օր սա պե՞տք է գիտակցի։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ